Թբիլիսիում տրամվայի գծի նախագծումն ու շինարարությունը կիրականացնի թուրքական «EYE» (Emre Ray + Yüksel + Erk) համատեղ ընկերությունը։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության և տենդերում հաղթած թուրքական «EYE» (Emre Ray + Yüksel + Erk) համատեղ ձեռնարկության միջև ստորագրվել է պայմանագիր՝ տրամվայի նախագծման և շինարարության վերաբերյալ։
«Գաղափարից և խոստումից անցնում ենք կոնկրետ գործի։ Սա իմ գործընկերների և ինձ համար հատկապես կարևոր է, քանի որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը մեկ հայտարարությամբ չեն արվում։ Անհրաժեշտ են պլանավորում, ֆինանսներ, ժամանակ, մասնագետների ներգրավվածություն և քաղաքական կամք՝ պլանավորված գործը մինչև վերջ հասցնելու համար»,- այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Աջակցության համար նա շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք»-ին և վարչապետ Կոբախիձեին։
Կալաձեն նշել է, որ իրենց նպատակն է քաղաքում տեղաշարժը դարձնել հարմարավետ, անվտանգ, արագ և բոլորին հասանելի։
«Ցանկանում ենք, որ մարդիկ հանրային տրանսպորտն ընտրեն ոչ թե ուրիշ ելք չունենալու պատճառով, այլ որովհետև դա արագ է, հարմարավետ և հուսալի։ Տրամվայը կդառնա այս համակարգի ևս մեկ կարևորագույն մասը»,- ասել է Կախա Կալաձեն։
Հատկանշական է, որ Դիդի Դիղոմի-Դիդուբե տրամվայի նախագիծը նախատեսում է 7,5 կիլոմետրանոց գծի և տրամվայի դեպոյի կառուցում։ Նախագիծը կիրականացվի «Design-Build» (DB) մոդելով, ինչը մեկ կապալառուի շուրջ է միավորում ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության պարտավորությունը։ Նախագծի ավարտի համար սահմանվել է 36-ամսյա ժամկետ։
Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարած տենդերում «EmreRay»-ի համատեղ ձեռնարկությունն աշխատանքների կատարումը առաջարկել է 287 մլն 654 հազար 321 լարիով, ինչը գնման ենթադրյալ արժեքից (416,6 միլիոն լարի) մոտ 129 միլիոն լարիով պակաս է։
Հետևեք մեզ՝ այստեղ
(0)Comments