Դե ինչ, բիշքեկյան քաղաքական ռոդեոն, որի ականատեսը մենք դարձանք Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, որևէ լավ բանի չհանգեցրեց։ Բայց կողմերին հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից և հրապարակային սրացումից, և դա, մեծ հաշվով, կարելի է դրական պահ համարել։
Կողմերը նաև պայմանավորվեցին արդեն Մոսկվայում «հանգիստ և մանրամասն» քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրը։
Այսինքն` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական և տնտեսական սրացումը «դադարի» վրա է դրված։
Եվ լավ լուրերն այսքանով կարծես թե ավարտվում են։
Ինչո՞ւ։
Տեսե՛ք։ Հայաստանն ի դեմս Նիկոլ Փաշինյանի կրկին փորձեց հիմնավորել Երևանի նկատմամբ ԵԱՏՄ-ի քայլերի անհամաչափությունը ՝ պնդելով, որ չնայած հանրապետությունը օրենք է ընդունել ԵՄ–ին միանալու «ձգտման» մասին, այնուամենայնիվ, նույն վարչապետի խոսքով, դա «ոչինչ չի նշանակում» ԵՄ անդամակցության ուղղությամբ Հայաստանի իրական քայլերի առումով։
Ավելին` Փաշինյանը պնդում է, որ հանրաքվեի համար այժմ ընդհանրապես որևէ թեմա չկա, քանի որ ԵԱՏՄ-ի այլընտրանք իբր դեռ չի ձևավորվել։
Ռուսական կողմն իր հերթին պնդում է, որ Եվրոպային միանալու ձգտման փաստը, որն իրավաբանորեն ամրագրված է օրենքում, դիտարկվում է որպես եվրասիական ինտեգրացիային հակառակ ուղղությամբ կատարվող աշխարհաքաղաքական շրջադարձ։
Երկու կողմերի դիրքորոշումներում տրամաբանություն, անշուշտ, կա։
Երբ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ի այլընտրանք դեռ չկա, նա ֆորմալ առումով իրավացի է։ Սակայն նույն Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է ընդունել ակնհայտ մի փաստ` հենց միայն դեկլարատիվ ձգտումը դեպի ծայրահեղ թշնամական և ագրեսիվ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն՝ ի դեմս ԵՄ-ի, ինքնին նշանակում է քաղաքական դիրքորոշում՝ որպես եվրասիական ինտեգրացիոն վեկտորի պոտենցիալ հակառակորդ։
Եվ այստեղ ռուսական տրամաբանությունը չափազանց պարզ է։
Եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա թող ԵՄ-ն ստանձնի բոլոր այն արտոնությունների, օգուտների և տնտեսական առավելությունների իրականացումը, որոնք Հայաստանն այսօր ստանում է ԵԱՏՄ-ի շրջանակում։
Բայց որքան էլ տարօրինակ է, ՀՀ ներկայիս իշխանությունների համար գլխավորը կարծես թե դա չէ։ Գլխավորը աշխարհաքաղաքական, հենց ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրությունն է։
Եվ ահա այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը` Հայաստանի իշխանությունը կոնկրետ ի՞նչ է մտադիր առաջարկել հասարակությանը հարաբերությունների առկա համակարգի փոխարեն։
Քանի որ չի կարելի միաժամանակ ասել` մենք ԵԱՏՄ-ից որևէ տեղ չենք գնում, ընդունել ԵՄ–ին միանալու ձգտման մասին օրենք, ապա զարմանալ, որ Մոսկվան դա սկսում է որպես ռազմավարական շրջադարձ ընկալել։
Աշխարհաքաղաքականության մեջ նշանակություն ունեն ոչ միայն գործողությունները, այլև ազդանշանները, հռչակագրերը և ռազմավարական մտադրությունները։
Եվ երբ պետությունը օրենսդրորեն շարժ է արձանագրում մեկ այլ աշխարհաքաղաքական տիրույթի կողմ, պետք է հասկանա, որ իր գործընկերները համապատասխան եզրակացություններ և ՔԱՅԼԵՐ են անելու։
Դեռ, ինչպես արդեն նշվեց, ամեն բան դադարի վրա է դրված, մինչև Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում։
Բայց այդ դադարը չի կարող երկար տևել։
Եվ շատ շուտով Հայաստանը ստիպված կլինի պատասխանել մի պարզ հարցի` կոնկրետ ինչ է ուզում՝ պահպանե՞լ տնտեսական և քաղաքական ինտեգրման առկա համակարգը, թե՞ իսկապես լիարժեք շրջադարձ սկսել դեպի ԵՄ, որը Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում։
Որովհետև միաժամանակ երկու աշխարհաքաղաքական աթոռին նստելը գնալով ավելի է դժվարանում։ Իսկ շուտով ընդհանրապես անհնար կլինի։
Եվ հենց այն, ինչ տեղի կունենա այս «հայկական դադարից» հետո, մեծապես կորոշի Հայաստանի ապագան։
Ի դեպ, արժե ուշադրություն դարձնել այն անթաքույց հրճվանքին, որը թուրքական և ադրբեջանական մամուլը տարածում է հայ-ռուսական հարաբերությունների սրացման վերաբերյալ և, գոնե «հակառակ» տրամաբանության վրա հիմնվելով, եզրակացություններ անել, թե իրականում ում համար է հիմա ծայրահեղ կարևոր փլուզել ռուսների և հայերի միջև քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Եվ ամենակարևորը՝ ԻՆՉՈ՞ւ։ Մտածեք, թեև կարծում եմ`պատասխանն ավելի քան ակնհայտ է։
(0)Comments