Բյուրեղավանում դարձյալ աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ո՞րն է պատճառը․ պաշտոնական պատասխան չկա, բայց բնակիչներն այն կապում են խմելու ջրի հետ։
Անդրանիկ Պետրոսյանի անվան «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը Factor TV -ի հետ զրույցում ասաց, որ ահազանգերը սկսվել են երեկ՝ ժամը 16։00-ից։ Նրա խոսքով՝ ստացվել է ավելի քան 20 ահազանգ, այս պահին երեք անձ հոսպիտալացված է, բոլորը՝ նույն գանգատներով։
«Գանգատները հիմնականում ստամոքսաղիքային տրակտի հետ են կապված՝ սրտխառնոց, փսխում, լուծ։ Երեխաներ են եղել՝ 3, 5 և 12 տարեկան»,- ասաց Վարդումյանը։
Նրա խոսքով՝ ոչ բոլորն են դիմում բուժօգնության, ուստի այս թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը։ Բյուրեղավանցիները, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցները, խմելու համար խանութից գնած ջուր են օգտագործում։
Համայնքապետի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանն ասաց, որ Բյուրեղավանում են «Վեոլիա ջուր»-ի և ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչները՝ ջրից նմուշառումներ վերցնելու նպատակով։ Համայնքապետը, որը աշխատանքային ժամին աշխատավայրում չէր, մամուլի քարտուղարի պնդմամբ՝ նմուշառումներ իրականացնող մասնագետների հետ այցելությունների էր։
Սա այս տարի Բյուրեղավանում աղիքային վարակի զանգվածային տարածման արդեն երրորդ դեպքն է։ Դեպքերից մեկը գրանցվել էր ապրիլին, մյուսը՝ հուլիսին։ Նախորդ երկու դեպքերում ևս բնակիչները վարակի հնարավոր պատճառը կապում էին խմելու ջրի հետ։
Ջրի նմուշներում հայտնաբերվել էին մանրէաբանական շեղումներ, այդ թվում՝ կոլիֆորմներ, ռոտավիրուս, ադենովիրուս և այլ ախտածիններ։ Դեպքերից մեկի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Վեոլիա ջուր»-ը, մինչդեռ, նախորդ դեպքերի ժամանակ հայտարարել էր, որ իր ստուգումների արդյունքում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Ընկերությունն այսօր դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։
(0)Comments