Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը հայտարարել է, որ իր երկիրը «միջոցներ կձեռնարկի» Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման համար ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատների դեմ։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
«Դուք կբախվեք Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ողջ խստությանը», – ասել է նա՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիայում կարգելվի նաև «անօրինական բնակավայրերի» գովազդը։
Նա նաև շեշտել է, որ այս պատժամիջոցների թիրախն «անօրինական բնակավայրերն են, այլ ոչ թե Իսրայելը»։
«Մեծ Բրիտանիան կարգելի ապրանքների ներմուծումն անօրինականորեն օկուպացված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից», – հայտարարել է նախարար Միլիբենդը։
Նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարծում է, որ Արևմտյան ափի տարածքներում էթնիկ զտումներ են տեղի ունենում։ Նա հավելել է, որ երկար ժամանակ բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Արևմտյան ափում բնակավայրերն անօրինական են։
«Այսօր ես հայտարարում եմ, որ բրիտանական կառավարության պաշտոնական տեսակետն այն է, որ օկուպացիան անօրինական է», – նշել է նա։
Գազայի հատվածի վերաբերյալ Միլիբենդը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ապամոնտաժել իր զենքերը և քանդել «ահաբեկչական ենթակառուցվածքը»։ Նա նշել է, որ 20-կետանոց խաղաղության ծրագրի համաձայն՝ «ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ դեր խաղալ Գազայի ապագա կառավարման գործում»։
Նախարարը հավելել է, որ Մեծ Բրիտանիան արդեն կասեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայում օգտագործվող ավելի քան 30 զենքի լիցենզիա, որոնք, նրա խոսքով, «լիովին ուժի մեջ են»։
(0)Comments