Որեւէ երկրի քաղաքացի լինելը, հատկապես, եթե այդ երկիրը քո հայրենիքն է, քո էթնոսի, քո ազգության երկիրը, մարդու եւ պետության միջեւ խիստ եւ խորը կապ է:
Քաղաքացիությունից հրաժարվելու
պարզ, առօրեական դեպքեր աշխարհի բոլոր երկրներում էլ լինում են. մարդը նոր կյանք է սկսում այլ երկրում, եւ եթե այդ երկիրը չունի երկքաղաքացիության ինստիտուտ, հրաժարվում է իր երկրի քաղաքացիությունից, եւ ստանում նոր երկրի քաղաքացիություն: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ Nothing personal, just business.
Սակայն նման քայլ անել՝ որպես բողոքի նշան, որպես քաղաքական գործողություն՝ հազվադեպ է լինում, որովհետեւ մարդիկ սովորաբար, որքան էլ դեմ լինեն սեփական պետության ներքին կամ արտաքին քաղաքականությանը, չեն նույնացնում պետությունն իշխանության հետ, փոխարենը՝ նույնացնում են պետությունը հայրենիքի հետ, եւ համարում են, որ այդ քայլով սեփական հայրենիքի դեմ դուրս կգան:
Բայց աշխարհում եղել են շատ հնչեղ եւ ազդեցիկ դեպքեր, երբ մարդը հրաժարվել է իր երկրի քաղաքացիությունից՝ որպես բողոքի նշան՝ այդ երկրի տարած պետական քաղաքականության դեմ: Ուղերձը պարզ է եւ միանշանակ. «Ես չեմ ցանկանում, որ ինձ նույնացնեն այդ պետության գործողությունների հետ»։ Իհարկե, քաղաքացիությունից հրաժարվելը միշտ չէ, որ իրավական առումով հեշտ է, երբեմն նույնիսկ՝ անհնարին է։ Որոշ երկրներում դրա համար անհրաժեշտ են հատուկ ընթացակարգեր, այլ քաղաքացիության առկայություն կամ պետական հաստատությունների համաձայնություն։ Որոշ դեպքերում էլ քաղաքական «հրաժարումը» իրավական ուժ չի ստանում, և ի վերջո մնում է զուտ որպես խորհրդանշական ակցիա։ Բայց ամբողջ հարցն այն է, որ քաղաքացիությունից հրաժարվելու քաղաքական նշանակությունը միշտ չէ, որ չափվում է դրա իրավական հետևանքով։
Երբ այդ քայլը կատարվում է հրապարակայնորեն և հստակ քաղաքական պատճառաբանությամբ, այն կարող է դառնալ շատ ավելի ուժեղ ուղերձ, քան սովորական քաղաքական հայտարարությունը։ Որովհետև մարդը ոչ թե պարզապես կանգնում եւ ասում է՝ «Ես դեմ եմ», «Ես մերժում եմ», «Ես համաձայն չեմ», այլ հայտարարում է. «Ես այլևս չեմ ցանկանում լինել այս պետության քաղաքացի»։
Կարդացեք նաև
«Ծառայությունը կդարձնենք գրավիչ, գումարները չեն հոսի ՀՀ-ից դուրս կամ կոռուպցիոներների գրպանները»․ ՔՊ-ն դեմ քվեարկեց Հայկ Սարգսյանի նախագծին
11:10 14.04.2026
Ստացվում է՝ Հայաստանում ամեն տարի Արցախի զորակոչային պոտենցիալից երկու անգամ շատ մարդ հրաժարվում է քաղաքացիությունից` բանակում չծառայելու համար. Տիգրան Գրիգորյան
11:49 30.04.2025
Չեխիայի նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է քաղաքացիություն տրամադրել ՌԴ քաղաքացիներին
12:18 07.02.2025
Հիշենք մի քանի հայտնի օրինակներ:
Էյնշտեյնը՝ ընդդեմ նացիստական Գերմանիայի
Որպես բողոքի նշան քաղաքացիությունից հրաժարվելու ամենահայտնի օրինակը, թերեւս, Ալբերտ Էյնշտեյնի դեպքն է։
1933 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության, Էյնշտեյնը խզեց իր կապերը Գերմանիայի հետ։ Նացիստական իշխանությունների օրոք աճում էին հակասեմիտիզմը, քաղաքական հետապնդումները և քաղաքացիական ազատությունների սահմանափակումները։ Էյնշտեյնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից և հայտարարեց, որ չի ցանկանում ապրել այնպիսի պետությունում, որտեղ վերանում են ազատությունը, հանդուրժողականությունը և օրենքի առաջ հավասարությունը։
Նրա քայլը հետագայում դարձավ խորհրդանշական։ Էյնշտեյնը ոչ միայն հեռացավ Գերմանիայից, այլև դարձավ նացիստական ռեժիմի միջազգային քննադատներից մեկը։ 1934 թվականին նացիստական իշխանությունները նրան պաշտոնապես զրկեցին քաղաքացիությունից։
Նաում Ալշանսկին՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի
1974 թվականին Խորհրդային Միության նախկին փոխգնդապետ Նաում Ալշանսկին հրաժարվեց ԽՍՀՄ քաղաքացիությունից և վերադարձրեց իր պետական շքանշանները։ Նրա բողոքը կապված էր Խորհրդային Միությունում հրեաների նկատմամբ վերաբերմունքի և Իսրայել արտագաղթելու իրավունքի սահմանափակումների հետ։
Հրաժարում՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ի մեծապետական քաղաքականության դեմ
ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ քաղաքացիությունից հրաժարվել են՝ որպես բողոքի նշան՝ երկրի վարած քաղաքականության դեմ։
Վիետնամի պատերազմի տարիներին մի շարք ամերիկացի հակապատերազմական ակտիվիստներ քաղաքացիությունից հրաժարվելու քայլի դիմեցին՝ փորձելով խզել իրենց իրավական կապն այն պետության հետ, որը պատերազմ էր վարում Վիետնամում։
Նման քայլեր եղան նաեւ ավելի ուշ՝ ընդդեմ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի արտաքին քաղաքականության և հատկապես Լիբիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների։
Լենի Լապոնը՝ Իսրայելի քաղաքականության դեմ
2014 թվականին ամերիկա-իսրայելցի ակտիվիստ Լենի Լապոնը հայտարարեց Իսրայելի քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ իր որոշումը բացատրելով Իսրայելի քաղաքականության, մասնավորապես՝ պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքի հետ։
Լապոնի դեպքը հետագայում դարձավ ակադեմիական ուսումնասիրության առարկա՝ «Citizenship Renunciation as Protest» թեմայով։
Օլեգ Տինկովը՝ Ռուսաստանի դեմ
Վերջին տարիների ամենահայտնի օրինակներից մեկը ռուսաստանցի գործարար Օլեգ Տինկովն է։ 2022 թվականի հոկտեմբերին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, Տինկովը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։
Նա բացահայտ քննադատել էր պատերազմը և Պուտինի իշխանությունը։ Քաղաքացիությունից հրաժարվելու իր որոշումը նա ներկայացրեց որպես իր դիրքորոշման տրամաբանական շարունակություն՝ ընդգծելով, որ չի ցանկանում կապված լինել պատերազմ սկսած պետության հետ։
«Քաղաքական ամուսնալուծություն» ԱՄՆ-ից
2008 թվականին ամերիկացի ակտիվիստ եւ թարգմանիչ Մայք Գոգուլսկին հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից՝ առանց այլ երկրի քաղաքացիություն ստանալու։ Նա իր քայլը նկարագրում էր որպես ԱՄՆ-ի հետ «քաղաքական ամուսնալուծություն»։ Գոգուլսկին քննադատում էր ամերիկյան արտաքին քաղաքականությունը, պատերազմները և պետական համակարգը՝ հայտարարելով, որ չի ցանկանում այլևս իրավական կապ ունենալ այդ համակարգի հետ։ Նա իր բողոքը նկարագրեց որպես «քաղաքական ամուսնալուծություն» եւ ասաց, որ պատրաստ է անգամ ապրել առանց որեւէ երկրի քաղաքացիության՝ լինել «ապաքաղաքացի»:
Բացի կոնկրետ երկրի տարած պետական քաղաքականության դեմ բողոքից՝ քաղաքացիությունից հրաժարման մի քիչ այլ, էլի քաղաքական, սակայն ոչ «ընդդեմ» դեպքեր էլ են եղել, հիշենք դրանցից մի քանիսը:
«Ես աշխարհի քաղաքացի եմ». Գարի Դևիսի հրաժարումը
1948 թվականին ամերիկացի նախկին օդաչու Գարի Դևիսը Փարիզում հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից։
Դևիսի քայլի պատճառը կոնկրետ նախագահի կամ կառավարության քաղաքականությունը չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա եկել էր այն համոզման, որ հենց ազգային պետությունների և մրցակցող ինքնիշխանությունների համակարգն է պատերազմների հիմնական աղբյուրներից մեկը։ Նա հայտարարեց իրեն «աշխարհի քաղաքացի» և սկսեց քարոզել համաշխարհային կառավարության գաղափարը։
Դևիսի պատմությունն առանձնահատուկ է նրանով, որ նա քաղաքացիությունից հրաժարվելը դիտում էր ոչ թե որպես մի պետությունից մյուսը տեղափոխվելու միջոց, այլ որպես ազգային պետության գաղափարի մերժում։
Պուերտո Ռիկոյի անկախության համար
Քաղաքացիությունից հրաժարվելու քաղաքական բնույթի ամենահետաքրքիր օրինակներից են Պուերտո Ռիկոյի անկախության շարժման հետ կապված դեպքերը։
1990-ականներին պուերտոռիկացի քաղաքական գործիչ և իրավաբան Խուան Մարի Բրասը հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից։ Նրա քայլը կապված էր Պուերտո Ռիկոյի անկախության պահանջի հետ։
Բրասի համար քաղաքացիությունը ոչ միայն անձնական իրավական կարգավիճակ էր։ Այն նաև քաղաքական պատկանելության հարց էր։ Եթե Պուերտո Ռիկոն պետք է անկախ պետություն դառնար, ապա նա չէր ցանկանում իր քաղաքական ինքնությունը կապել ԱՄՆ-ի հետ։ Պետք է նկատել, որ այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը դարձավ ԱՄՆ իշխանությունների և դատարանների տարիներ շարունակ ձգձգվող քննարկման առարկա։
Նույն ժամանակաշրջանում տեղի ունեցավ ավելի զանգվածային և առավել խորհրդանշական ակցիա։ Պուերտո Ռիկոյի անկախության կողմնակից Խոսե «Ֆուֆի» Սանտորի Կոլը մոտ 250 մարդկանց հետ հայտարարեց ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու մասին։
Քանի որ իրավական առումով այդ հրաժարումը խնդիրներ ուներ, նախաձեռնությունը ստացավ նաև խորհրդանշական բնույթ։ Մասնակիցները ստեղծեցին իրենց պայմանական պուերտոռիկյան անձնագրերը՝ «Fufiportes» անվամբ։
Այստեղ քաղաքացիությունից հրաժարվելը վերածվել էր քաղաքական թատրոնի՝ ուղղված Պուերտո Ռիկոյի գաղութային կարգավիճակի դեմ։
Րաֆֆի Հովհաննիսյանի, Ռուբեն Վարդանյանի դեպքերը
1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին բավականին հայտնի էր
Րաֆֆի Հովհաննիսյանի
դեպքը. ԱՄՆ-ում ծնված եւ Հայաստանի անկախությունից հետո Հայաստան տեղափոխված Րաֆֆի Հովհաննիսյանին երկար տարիներ ՀՀ քաղաքացիություն չէին տալիս, օրվա իշխանություններն ակնհայտորեն չէին ցանկանում բավականին բարձր քաղաքական-հասարակական ռեյտինգ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնել լեգիտիմ մրցակից՝ առաջիկա ընտրություններում: Տարիներ շարունակ այդ հարցը ձգձգվում էր, ի վերջո, նա 2001 թվականին հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից, թեեւ Հայաստանի քաղաքացիության հարցը դեռ վերջնականապես լուծված չէր։ Այսինքն՝ նա գիտակցաբար հրաժարվեց իր ունեցած քաղաքացիությունից՝ հանուն այն երկրի քաղաքացի դառնալու, որի հետ իրեն կապում էր իր քաղաքական և ազգային ինքնությունը։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին
Ռուբեն Վարդանյանը
հայտարարեց, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ՝ որպես Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի քաղաքացիություն նա ստացել էր դեռևս 2021 թվականին։ (Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը, թեեւ ծնվել էր Երեւանում, բայց 1985թ.-ից, այսինքն՝ մինչեւ ՀՀ անկախությունը, տեղափոխվել էր Մոսկվա, եւ ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ քաղաքացիություն էր ստացել): Իր հայտարարության մեջ Վարդանյանն իր որոշումը բացահայտորեն կապեց Արցախի հետ՝ ասելով, որ 2020 թվականի պատերազմից հետո աշխարհի հայերը պետք է ոչ միայն բարոյապես, այլև գործնականորեն կանգնեն Արցախի ժողովրդի կողքին։ Իր որոշումը՝ հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ, համարում էր դժվար, բայց՝ ճիշտ։ Այս դեպքում՝ քաղաքացիությունից հրաժարումը քայլ էր ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ Արցախի կողքին լինելու և Արցախի համար սեփական քաղաքական պատասխանատվությունը վերցնելու քայլ։ 2023 թվականի փետրվարին «Մեդուզային» տված հարցազրույցում նա ասել էր, որ ճիշտ չէր համարում Արցախի հարցով հանդես գալ որպես օտարերկրյա քաղաքացի, եւ երկրորդը՝ ցանկանում էր, որ Արցախի մարդիկ վստահ լինեն՝ ինքը նրանց հետ է մինչև վերջ։
Եվ վերջապես՝ պրագմատիկ հրաժարում
Քիչ չեն դեպքերն աշխարհում, երբ մարդիկ հրաժարվում են իրենց երկրի քաղաքացիությունից՝ զուտ այն պատճառով, որ «հարկերը շատ բարձր են»: Չէ՞ որ քաղաքացի լինելը ոչ միայն իրավունք է, այլեւ՝ պարտականություն, մասնավորապես՝ հարկ վճարելու, պետությանը «պահելու»:
Այս առումով ամենահիշարժան օրինակներից մեկը ֆրանսիացի մեծանուն դերասան Ժերար Դեպարդյոյի դեպքն է: 2012-ի թվականի դեկտեմբերին նա հայտարարեց, որ հրաժարվում է Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ Ֆրանսիայի բարձր եկամուտների նկատմամբ նախատեսվող 75% հարկի պատճառով: Նա հատկապես նեղացել էր Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի քննադատությունից՝ իր՝ Բելգիա տեղափոխվելու կապակցությամբ: Մեկ ամիս անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Դեպարդյոյի դիմումի, նրան ՌԴ քաղաքացիություն շնորհեց: Բայց հետաքրքիրն այն է, որ չնայած հայտարարություններին եւ ռուսական քաղաքացիություն ստանալուն՝ Դեպարդյոն այդպես էլ իրավական առումով չհրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից: Գործընթացը կանգ առավ հայտարարությունների փուլում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
(0)Comments