Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում սեպտեմբերի 6-ին ձնահյուս է տեղի ունեցել, որի տակ է հայտնվել լեռնագնացների խումբը։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ի առավոտյան, հայտնի է դարձել 11 մարդու մահվան մասին, ևս 6 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ԱԻՆ վարչությունը, գրում է DW-ն։
Ճշտված տվյալների համաձայն՝ խմբի 10 անդամ կարողացել է ինքնուրույն դուրս գալ վտանգավոր գոտուց։ Եվս 6 մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բուժհաստատություններ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 56 մարդ։
Փրկարարական աշխատանքները բարդացնում են լեռնային ռելիեֆը և նոր ձնահյուսերի վտանգը։
Նշվում է, որ ձնահյուսը Միժիրգի լեռան լանջից իջել է սեպտեմբերի 6-ին՝ մոտավորապես ժամը 17։00-ին։ Արտակարգ իրավիճակների նախարարության առաջին հաղորդագրություններում նշվում էր 15 լեռնագնացի մասին։ Այդ ժամանակ հաղորդվում էր երկու զոհի, երեք տուժածի և 10 անհետ կորածի մասին։
Ավելի ուշ ճշտվել է, որ խմբում եղել է 33 մարդ։
Փրկարարական գործողության ընթացքում գերատեսչությունը վերանայել է զոհերի և տուժածների վերաբերյալ տվյալները։ Սեպտեմբերի 7-ի՝ տեղի ժամանակով ժամը 09։00-ի դրությամբ, 11 մարդ մահացել է, իսկ ևս 6-ի գտնվելու վայրն անհայտ է։
Եղանակային պայմանների բարելավման դեպքում որոնողական աշխատանքներին նախատեսվում է ներգրավել Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ուղղաթիռը, ինչպես նաև «Հելիէքշն» ընկերության կոմերցիոն ուղղաթիռը։
(0)Comments