Ցեմենտի շուկայում ծնված խնդիրը մի շարք պատճառներ ունի. ինչ լուծում է առաջարկում տնտեսագետը

Ցեմենտի շուկայում ծնված խնդիրը մի շարք պատճառներ ունի. ինչ լուծում է առաջարկում տնտեսագետը
View on original source
Category: Financial
Share
Archive
Like
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ցեմենտի շուկայում առաջացած խնդիրները շուկայի մասնակիցների, ներքին արտադրության, Իրանից ցեմենտի և կլինկերի մատակարարման դժվարություններով են պայմանավորված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում։ Թերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Մակարյանի խոսքով` Հայաստանի ցեմենտի պահանջարկի մոտ 70-75 տոկոսը ապահովում են ներքին արտադրողները, իսկ մնացած մասը՝ հիմնականում Իրանից ներմուծվող կլինկերն ու պատրաստի ցեմենտն են։ Վերջին շրջանում, սակայն, Իրանը որոշ ապրանքների արտահանումն արգելեց, հետո նորից թույլատրեց։ Մակարյանի խոսքով՝ այս իրավիճակում կարևոր գործոն է նաև Արարատի ցեմենտի գործարանի կառավարումը։ Գործարանը ներկայում պետության կողմից նշանակված կառավարիչն է ղեկավարում։ Տնտեսագետը չի բացառում, որ շուկայում առկա խնդիրների վրա ազդում է նաև պետական կառավարման արդյունավետության հարցը։ «Ոչ միշտ է հնարավոր, որ պետական կառավարիչները կամ պետական մարմինները կարողանան այնպես կառավարել, ինչպես մասնավորը կկառավարեր բիզնեսը։ Պետական կառավարման փորձը մասնավոր սեկտորում օգտագործելը ոչ միշտ կարող է արդյունավետ լինել։ Հնարավոր է՝ խնդիրներ են առաջանում»,– նշեց տնտեսագետը։ Նաև նրա խոսքով, եթե իրանական մատակարարումները պարբերական բնույթ չեն կրում, խնդիրներ կարող են առաջանալ նաև «Արարատցեմենտ» գործարանի աշխատանքի կազմակերպման հարցում։ Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ շինարարության ծավալները Հայաստանում ոչ միայն չեն նվազել, այլև աճել են։ Այսինքն՝ պահանջարկը և առաջարկը, ըստ տնտեսագետի` հիմա իրար համապատասխան չեն։ Հետևաբար խնդիրներ են առաջանում նաև ցեմենտի շուկայում։ Տնտեսագետը նաև անդրադարձավ ցեմենտի գնի հնարավոր թանկացմանը։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին նման թանկացման մասին տեղեկություններ կան, սակայն դրա հստակ պատճառները պետք է պարզել։ «Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մեկ տոննայի գինը կարող էր հասնել մոտ 50 հազար դրամի։ Եթե չեմ սխալվում` 8 հազար դրամի կարգի էր թանկացումը։ Նախկին գինը մոտ 40-42 հազար դրամ էր։ Եթե եղել է դեֆիցիտ, որի պատճառով գինը բարձրացել է, դա մի բան է։ Բայց եթե կառավարիչը պարզապես որոշել է, որ եկամտաբերությունը քիչ է և գինն ավելացրել է, դա այլ հարց է։ Այդ թանկացումն էլ կարող է խանգարել սպառմանը, շինարարական ընկերությունները կարող են փորձել իրանական ցեմենտ գնել, որն ավելի էժան է։ Բայց իրանական ցեմենտն էլ ավել քանակով չի գալիս»,– նշեց նա։ Տնտեսագետի գնահատմամբ՝ ցեմենտի շուկայում առաջացած իրավիճակից դուրս գալու երկու հիմնական տարբերակ կա։ Առաջինը Հրազդանի ցեմենտի գործարանի հնարավորինս արագ վերագործարկումն է, իսկ երկրորդը՝ Իրանից ցեմենտի կամ կլինկերի ներմուծման սահմանափակումների մեղմացումը։ Նա հիշեցրեց, որ սնանկ վիճակում գտնվող Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառվեց, և առաջիկայում Հրազդանի ցեմենտի գործարանում արտադրության մասին խոսելը դեռ վաղ է։ Ըստ տնտեսագետի` գործարանի արտադրական գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ են մի շարք աշխատանքներ և ներդրումներ։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.